ՂԵՎՈՆԻԴԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ սրբազան արքեպիսկոպոսի

 

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝

 

Վլադիկավկազի թեմի և Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների հոգևորականներին, վանականներին ու աշխարհականներին

 

 

Սիրեցյա՛լ հայրեր, եղբայրներ և քույրեր ի Տեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, որը տոնն է Աստվածային անվերջ սիրո՝ հայտնված Աստծու Որդու մարմնավորմամբ, որը մարդկային ցեղի փրկության համար Նրա զոհաբեր ծառայության սկիզբը դարձավ:

Ամենակարող Աստված մարդկանց հանդեպ անճառելի սիրով «Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3,16-17), որ Նրանով աշխարհը փրկվի և Նրան հավատացողներին Աստծու զավակներ, Երկնքի Արքայության ժառանգորդներ դարձնի: Տեր Հիսուս Քրիստոս երկիր է իջնում՝ բարեհաճելով մեր հավիտենական փրկության համար մարդկային բնություն ընդունել, և, միավորելով այն Աստվածային բնության հետ, հնարավորություն տալ մարդուն միավորվել Աստծու հետ:

Փրկչի Ծնունդը մարդկանցից հեռու կատարվեց՝ փոքրիկ քարայրում, գիշերվա լռության մեջ, բայց սուրբծննդյան բերկրալի ավետիսը համայն տիեզերքի սեփականությունը դարձավ: Աստծու հրեշտակներն առաջինը փառաբանեցին այդ մեծագույն իրադարձությունը և հանդիսավոր օրհներգ երգեցին. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությու՜ն, և հաճությու՜ն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2,14): Աստվածային շնորհն այն գիշեր լուսավորեց բեթղեհեմացի հովիվներին և իմաստուններ-մոգերին, ովքեր «Նրա աստղը տեսան Արևելքում» (Մատթ. 2,2): Ծնված Աստվածամանուկի այս արտասովոր և հրաշալի փառաբանության մեջ հիրավի միացան երկինքն ու երկիրը. հրեշտակային փառաբանությունը՝ պարզասիրտ հովիվների գովաբանության հետ, իմաստունների երկրպագությունը՝ Բեթղեհեմյան աստղի շողալու հետ: Այդ պահից սուրբծննդյան գիշերվա բերկրանքը միավորում է բոլոր քրիստոնյաներին՝ նրանց մեջ հոգևոր նորոգության և ավելի լավ ապագայի հույս բնակեցնելով:

Տոնելով Քրիստոսի Սուրբ Ծննդյան լուսավոր տոնը՝ հիշենք այժմ առավել նշանակալից իրադարձությունների մասին, որոնք անցյալ տարի տեղի ունեցան Վլադիկավկազի թեմի և Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կյանքում:

2017 թ. հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի կողմից «Ալանիայի Մկրտության 1100-ամյակի տոնակատարության մասին» հրամանագրի ստորագրումը նշանավորեց որակապես նոր փուլ այդ նշանակալից հանդիսության նախապատրաստման մեջ: Նախագահի հրամանագիրը ձևակերպում է Եկեղեցուց և գիտական հանրությունից հետո բարձրագույն պետական իշխանության կողմից միջնադարյան ալանական քրիստոնյա պետության և ժամանակակից Օսիա-Ալանիայի միջև ժառանգորդական կապի փաստի ճանաչումը: Նախապատրաստումը գալիք հոբելյանական տոնակատարությանը կարող է իրականացվել միայն Եկեղեցու և պետության սերտ համագործակցության պայմանով՝ մեր հասարակության ամենալայն շերտերի աջակցությամբ:

Նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սբ. Խաչվերացի տաճարի օծումը մեծ իրադարձություն դարձավ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև հոգևոր կապերի ամրապնդման մեջ: Այդ նույն ամսին Գյումրի քաղաքում՝ ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում, տոնակատարություններ կայացան Ալեքսանդրապոլ ամրոցի և Սուրբ նահատակ Աղեքսանդրա թագուհու տաճարի հիմնադրման 180-րդ տարեդարձի կապակցությամբ: Հոբելյանի օրը տաճարում եպիսկոպոսական կարգով Պատարագ մատուցվեց:

Ռուս Ուղղափառ Եկեղեցին գործուն մասնակցություն է ունենում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման մեջ: 2017թ. սեպտեմբերին տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը. բանակցությունների գործընթացի նախաձեռնողը եղավ Մոսկվայի և համայն Ռուսիո Կյուրեղ Սրբազնագույն Պատրիարքը:

2017 թվականին Ալանիայի Մկրտության 1100-ամյակի նախապատրաստության շրջանակներում Վլադիկավկազի թեմը զանազան ծրագրեր իրականացրեց մշակույթի ոլորտում: Նրանցից մեկն է օսերեն լեզվով «Ընտանիք. Ազգանուն. Հայրենիք» խորագրով էսսեների մրցույթը, որին մասնակցեցին տարբեր տարիքի շուրջ հարյուր հեղինակ: Նախաձեռնությունների իրականացման ևս մի դաշտ դարձավ «Ալանիա՝ անցյալի պատկերներ» գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթը: Թեմում շարունակվում է եկեղեցաշինության ակտիվ գործընթացը: Սրբագործվել են` Աստվածամոր Կազանյան սրբապատկերի տաճարը Նիժնի Զարամագում, Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ մատուռը և երկրպագության խաչը Վլադիկավկազում՝ ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում: Շարունակվում են վերականգնողական աշխատանքները Վլադիկավկազի հոգևոր-լուսավորչական կենտրոնում՝ եպիսկոպոսական նստավայրի պատմական շենքի տարածքում: Էլխոտովոյում կառուցվող Պետրոս և Պողոս առաքյալներ եկեղեցում սկսվել են կանոնավոր ժամերգությունները, Վլադիկավկազում «Լասկա» մանկատուն-գիշերօթիկ դպրոցին առընթեր տաճար-մատուռ է կառուցվում արդար Մատրոնա Մոսկվացու անվամբ: Անցյալ տարի առաջին անգամ թեմակալ առաջնորդն Աստվածային Պատարագներ մատուցեց Գոռնայա Սանիբա բնակավայրի Սբ. Երրորդություն եկեղեցում և Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության ՆԳՆ Վարչությանն առընթեր Սուրբ Դեմետրիոս Դոնեցու տաճար-մատուռում:

Այժմ մենք մուտք ենք գործում Աստծու բարության նոր տարի՝ ապավինելով, որ և եկող տարում, և ապագա բոլոր ժամանակներում «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, և Հայր Աստծու սերը, և Սուրբ Հոգու հաղորդությունը» (Բ Կորնթ. 13,13) անփոփոխ կերպով կմնան մեր բոլորի հետ:

Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր ուղղափառ քրիստոնյաներին և Օսիա-Ալանիայի ու Հայաստանի բոլոր քաղաքացիներին, աղոթաբար մաղթում եմ Աստծու ամենազորացնող օգնությունը բարի գործերում և նախաձեռնություններում, ուժերի ամրություն, խաղաղություն ու բարօրություն:

Թող Աստված օրհնի մեր երկրներն ու ժողովուրդներին:

 

 

 

 

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ արքեպիսկոպոս,

Հայաստանի Հանրապետությունում

Ռուս Ուղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ

 

Սուրբ Ծնունդ

2018 թ.

Վլադիկավկազ