ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ՝ ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶԻ ԵՒ ԱԼԱՆԻԱՅԻ ՂԵՎՈՆԻԴԵՍ ՍՐԲԱԶԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ  ՈՒՂԵՐՁ

 

 

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ Սրբազան

Արքեպիսկոպոսի՝

Արտաքին եկեղեցական կապերի բաժնի փոխնախագահի,

Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարչի

 

Վլադիկավկազի թեմի և Հայաստանի Հանրապետությունում Մոսկվայի Պատրիարքության համայնքների հոգևորականներին, վանականներին ու աշխարհականներին

 

 

Թանկագի՛ն հայրեր, եղբայրներ և քույրեր ի Տեր,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի`  մարմնապես Սուրբ Ծննդյան մեծ և փրկարար տոնի առթիվ:

Իր անսահման գթասրտությամբ Աստված դարձավ մարդ, որպեսզի բժշկի և նորոգի մեղքով ապականված մարդկությունը, փոխակերպի և բարոյապես վերածնի մեր աշխարհը: Ինչպես գրում էր սուրբ Իրենեոս Լիոնացին. «Բանն Աստուծո դարձավ մարդ, և Որդին Աստուծո` Մարդու Որդի, որպեսզի մարդ… դառնա Աստուծո որդի»: Աստծու մարմնավորման իրադարձությունը տեղի ունեցավ իրական պատմական իրադրության պայմաններում` Պաղեստինի Ավետյաց երկրում, որն այն ժամանակ գտնվում էր ահեղ Հռոմի իշխանության ներքո: Սուրբ Պողոս առաքյալը գրում է. «երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Միածին Որդուն» (Գաղ.4,4): Տերը մարմնացավ, երբ մարդկությունն ունակ դարձավ Բարի Լուրն ընդունելուն, որի սկիզբը համընկավ համաշխարհային պատմության վճռորոշ պահի հետ` ոգով ու գաղափարով ունիվերսալ Հռոմեական կայսրության ստեղծման ավարտի հետ, որի լավագույն մտավոր ներկայացուցիչները ապրում էին գալիք Մեսիայի ակնկալիքով:

Այրում ծնված Աստվածորդին աշխարհին հայտնեց աստվածային սիրո անճառելի հրաշքը և մեր փրկության` բանականությանն անմատչելի գործը: Փրկչի մարդեղությամբ վերացվեց մարդկային ցեղի Աստծու կողմից թողնված լինելը, կատարվեց մեծ Աստծու և տառապյալ, մեղքով տանջված, մահվան ու ապականության ենթակա տեսանելի աշխարհի անըմբռնելի հանդիպումը, քանի որ Տիրոջ ընդունած մարդկային բնությունն ամբողջ տիեզերքի կենտրոնն է: Իր մարդեղությամբ Աստծու Որդին չկամեցավ աստվածային ամենակարողությամբ գերազանցել արարված բնության սահմանները: Նա եկավ մեղքով թունավորված գոյության բնագավառ, որտեղ բոլոր մարդկանց վրա դրված էր մահվան և ապականության կնիքը: Ենթարկվելով երկրավոր կյանքի օրենքներին՝ աշխարհի Փրկիչը չհեռացրեց Իրենից նաև ամեն մարդու համար անխուսափելի մահը: Ըստ սուրբ Կյուրեղ Երուսաղեմացու խոսքի «առհոսեց Կյանքը, որպեսզի վերջապես դադարեցնի մահվան ներգործությունը»: Մարմնացած Տերը հայտնեց Իր մեջ մարդկային բնության ամենախոր և ծածուկ էությունը, արդարացրեց երկրի վրա մարդու ուղին և դարձավ Նոր Ադամ՝ նորոգված և Նրանով փրկվող մարդկության Սկզբնավորողը: Երբեմն անարատ հողից ստեղծված Առաջին Ադամն իր մեղքով դատապարտեց մարդկային ցեղը հող վերադառնալուն: Ամենասրբուհի Կույս Աստվածածնից մարմնացած Նոր Ադամը վեր է բարձրացնում է մարդկային ցեղը երկրից Երկինք: Ինչպես Ադամով բոլորը մահվան հաղորդակից դարձան, այնպես էլ Քրիստոսով բոլորը դառնում են հավիտենական կյանքի ժառանգորդներ:

Աստվածամանկան Սուրբ Ծնունդը նոր պատմական ժամանակաշրջանի սկզբնակետը դարձավ, սկիզբ դրեց քրիստոնեական հարստագույն մշակույթի զարգացմանը: Քրիստոնեությունն արմատապես փոխեց աշխարհի դեմքը, ամրացրեց ընտանիքի արմատները, ամրապնդեց կնոջ քաղաքացիական իրավունակությունը, դատապարտեց ստրկատիրությունն ու վաշխառությունը, մարդկանց մեջ դաստիարակեց պատասխանատվության զգացումը և իր օրենսդրությամբ հաճախ լրացնում էր պետական օրենքի բացերը: Քրիստոնեական «թթխմորը» (ԱԿոր.5,6) նախկին անտիկ աշխարհում այնպիսի դինամիզմի սկզբնաղբյուր դարձավ, որի մասին չգիտեին մարդկության պատմության բոլոր նախորդող դարերը: Քրիստոսի Եկեղեցին, որն իր նպատակն էր դնում  մարդկանց բարիքը, հաճախ հենց մարդկանցից էր կրում հալածանքներ, հարձակումներ ու պարսավանքներ: Սակայն ի՜նչ նշանակություն կարող են ունենալ մարդկային բանականության բոլոր ջանքերը քրիստոնեության դեմ, եթե նրա երկհազարամյա պատմությունը խոսում է ինքն իր մասին, եթե նրա վրա բոլոր թշնամական հարձակումները կանխատեսել էր Ինքը Փրկիչը և տվել էր Իր Եկեղեցու անսասանության խոստումը՝ ասելով, որ և դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն (Մտթ.16,18):

ХХ դարի սրբերից մեկը՝ սերբ սուրբ Հուստինոս Պոպովիչն, ասել է. «Եթե երբեմն ոչնչից աշխարհի արարչագործությունը եղել է ամենամեծ հրաշքը, ապա Աստուծո մարմնացումն ի մարդ, անկասկած, գերազանցել է այն իր հրաշալիությամբ»: Ամեն տարի մենք տոնում ենք այդ մեծ հրաշքը՝ բարի, խորհրդավոր, քնքնուշ ձմեռային հրաշքը, և դրա հետ մեկտեղ՝ խոշորագույն, մեծագույն հոգևոր ու քաղաքակրթական իրադարձությունը: Իրադարձություն, որից սկսվեց նոր աշխարհը: Աշխարհ, որում հիմա ապրում ենք մենք ձեզ հետ:

Վերստին գալիս է մեզ մոտ Սուրբ Ծննդյան տոնը՝ բերելով անփոփոխ անասելի ուրախություն և հանգստություն անցած տարվա գործերից և հույս՝ Տիրոջ բարության Նոր տարվա բարեհաջող ընթացքի: Սուրբ Եփրեմ Ասորին գրում է. «Աստված այսօր եկավ մեղավորների մոտ. դե մի՛ բարձրամտիր, արդա՛րդ, մեղավորի նկատմամբ: Այսօր Ամենահարուստն աղքատացավ հանուն մեզ. դե հրավիրի՛ր, ո՛վ հարուստ, աղքատին քո ճաշի… Այս օրը բացեց երկնքի դուռը մեր աղոթքների համար. բացենք և մենք մեր դուռը մեզանից ներում հայցողներին: Այժմ Աստվածությունն Իր վրա դրեց մարդկության կնիքը, որպեսզի մարդկությունը զարդարվի Աստվածության կնիքով»:

Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորում եմ այսօր Քրիստոսի Եկեղեցու բոլոր հավատավոր զավակներին և Օսիա-Ալանիայի ու Հայաստանի բոլոր բնակիչներին, աղոթաբար մաղթում եմ ձեզ լուսավոր ուրախություն աշխարհում ծնված Փրկչով, Աստծու առատ օգնությունը գործերում և սխրագործություններում, ոգու չթուլացող եռանդ, քաջ առողջություն ու բարեկեցություն:

Թող Տերն օրհնի մեր երկրներն ու ժողովուրդներին՝ խաղաղությամբ և բարօրությամբ:

 

 

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ արքեպիսկոպոս՝

Արտաքին եկեղեցական կապերի բաժնի փոխնախագահ,

Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ

 

 

Սուրբ Ծնունդ

2020 թ․

Վլադիկավկազ