ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Մոսկվայի և համայն Ռուսիո ԿԻՐԻԼ պատրիարքի

ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Մոսկվայի և համայն Ռուսիո ԿԻՐԻԼ պատրիարքի

Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետներին, հովիվներին, սարկավագներին, վանականներին և հավատավոր բոլոր զավակներին

 

Սիրեցյա՛լ ի Տեր հովվապետներ, ամենապատվակա՛ն երեցներ և սարկավագներ, աստվածասե՛ր վանականներ և միանձնուհիներ, թանկագի՛ն եղբայրներ և քույրեր,

 

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱ՜Վ:

 

Ի սրտե՝ լցված պայծառ ուրախությամբ ի Փրկիչ, որ հարություն է առել Գերեզմանից, ողջունում եմ ձեզ բոլորիդ կենսահաստատ այս բառերով և շնորհավորում տոների տոնի՝ Տիրոջ Զատկի առթիվ:

Այժմ մենք կանչվում ենք հավատքի մեծ խնջույքի, ոգու մեծ հանդիսության: Աշխարհ եկած Աստծո Միածին Որդին, որ չարչարանքներ ու մահ է կրել խաչի վրա, Երկնավոր Հոր հրամանով հաղթականորեն հառնել է Գերեզմանից: Հիսուսը հարություն է առել. և «մահը կուլ է գնացել հաղթությամբ» (Ա Կոր. 15.54): Նա հարություն է առել. և ուրախանում է ողջ տիեզերքը: Տերը լուծարել է դժոխքն ու ջախջախել բանսարկուի իշխանությունը: Եվ այս ամենը կատարել է Մարդասերն Աստված, որպեսզի մեզ Իրեն որդեգրի Հիսուս Քրիստոսի միջոցով, որով մենք ունենք քավություն Նրա Արյամբ և մեղքերի թողություն (Եփ. 1.4-5,7):

Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ՝ դա ոչ միայն հոգևոր, այլ նաև ֆիզիկական իրականություն է: Տեր Հիսուսն իրապես հարյավ մարմնով՝ բոլոր մարդկանց փրկության համար: Նրա հարությամբ մահը կորցրել է իր անդառնալի բնույթը, և Քրիստոսին հավատացողների համար դարձել է ծնունդ՝ հավիտենական կյանքի համար, մի դուռ, որ Ճանապարհ է բացում դեպի Երկինք, դեպի Աստծո Արքայություն:

Պատահական չէ, որ Քրիստոսի համար նահատակները ևս արիաբար էին դիմավորում ամեն մի չարչարանք:  Եվ եթե նախկինում նույնիսկ մեծ արդարները վշտանում էին մահացածների համար՝ որպես կորուսյալների, ապա Տեր Հիսուսի հարությունից հետո մահն այլևս նրանց չէր վախեցնում: Ինչքա՜ն հիանալի է գրում սուրբ Աթանաս Մեծը, թե այսուհետև Քրիստոսին բոլոր հավատացողները ոտնահարում են այն՝ որպես ոչինչ… Քանզի ստուգապես գիտեն, որ մեռնողները չեն կորչում, այլ և՛ կենդանի են, և՛ անապական են դառնում՝ հարության միջոցով (Ճառ յաղագս մարդեղութեանն Բանին, եւ յայտնութեանն Նորա առ մեզ մարմնով, 27): Վառ օրինակ են մեզ հայտնում նաև Ռուսական Եկեղեցու նորավկաները, ովքեր XX դարում հավատքի դեմ հալածանքների տարիներին անվախորեն խոստովանողական պսակներ ընդունեցին:

Այսօր, երբ աշխարհն ավելի ու ավելի է նմանվում անմիտ մեծահարուստին՝ ավետարանական առակից (տե՛ս Ղուկ. 12.16-21), երբ  հարմարավետությունը, հաջողակությունն ու երկար կյանքը հայտարարվում են մարդու գոյության համարյա գլխավոր արժեքներ, մենք՝ Փրկչի աշակերտներս ու հետևորդներս, Պողոս առաքյալի հետևողությամբ համարձակորեն վկայում ենք. մեզ համար կյանքը Քրիստոսն է (Փիլ. 1.21), իսկ մահը՝ գոյության վերջը չէ: Ասում ենք և հավատում այսպես, քանզի գիտենք. Աստված ստեղծել է մարդու հոգին հավիտենության համար:

Որքան հաճախ մեզ՝ խորասուզված առօրեության ունայնության ու տագնապների մեջ պակասում է հոգևոր սրատեսություն, որպեսզի ճանաչենք Աստվածային ներկայության փոխակերպող զորությունը մեր կյանքում: Սակայն զատկական շրջանը՝ կատարելապես հատուկ մի պահ է:  Այս օրերին օդն իսկ անգամ իբրև թե հագեցված է ոչնչի հետ չանհամեմատվող զատկական ուրախությամբ, իսկ Աստծո սերն ու գթությունն առատորեն հեղվում են յուրաքանչյուր մարդու վրա:

Մտնելով սքանչելի և լուսաճաճանչ այս տոնի հանդիսության մեջ՝ մենք այժմ կոչված ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով համոզիչ կերպով վկայելու այն մեծ պարգևի մասին, որ մարդիկ ստացել են Հարուցյալ Տեր Հիսուսի միջոցով: Արդ կիսվենք մեզ շրջապատողների հետ Ավետարանական ուրախալի լուրով, նվիրենք մեր սերը, հոգատարությունն ու ուշադրությունը մերձավորներին, բարիք գործենք նրանց, ովքեր մեր օգնության և մխիթարության կարիքն ունեն: Միայն այսպես՝ շնորհակալ շրթունքներով ու երախտապարտ սրտով, փառավորելով Գերեզմանից հարություն առած Փրկչին, մենք ժառանգներ ենք դառնում կատարված զատկական հրաշքի և համարձակությամբ որդիներ ու դստրեր ենք անվանվում Բարձրյալ Աստծո, որ հայտնել է Իր անչափ սերը մեր բոլորի հանդեպ:

Սրտանց շնորհավորելով ձեզ Սուրբ Զատկի պայծառ տոնի առթիվ՝ նորից ու նորից ուղղում եմ ձեզ բերկրալի ողջույնը.

 

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱ՜Վ:

 

ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ԿԻՐԻԼ ՊԱՏՐԻԱՐՔ

 

 

Մոսկվա

Սուրբ Զատիկ

2018 թ.