ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ սրբազան արքեպիսկոպոսի, Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարչի

ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

 

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ սրբազան արքեպիսկոպոսի,

Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարչի

 

Վլադիկավկազի թեմի և Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների հոգևորականներին, վանականներին ու աշխարհականներին

 

 

Սիրեցյա՛լ հայրեր, եղբայրներ և քույրեր ի Տեր,

Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ ձեզ Տիրոջ Զատկի՝ Քրիստոսի պայծառ Հարության տոնի առթիվ առաքելական ողջույնի հավերժ կենդանի խոսքերով.

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱ՜Վ:

Քրիստոսի Զատիկը հիրավի «տոների տոնն է և հանդիսությունների՝ հանդիսությունը», բոլոր բերկրանքների բերկրանքը: Սուրբ առաքյալի խոսքով. «արդարև, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով, մեկ անգամ մեռավ և ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն. Նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է հոգով, որով և գնաց քարոզեց բանտում եղած հոգիներին» (Ա Պետր. 3,18-19): Աստծու Որդին, որ Իրեն խոնարհեց մինչև մահը խաչի վրա, Հոր ձեռքն ավանդեց Իր հոգին, իջավ անդունդը, որտեղ ի հավիտենից տառապում էին մարդկանց հոգիները: Ըստ սբ. Հովհան Դամասկացու՝ Քրիստոսի հոգին իջնում է դժոխք, որպեսզի ինչպես երկրի վրա, այնպես էլ դժոխքում եղողներին ավետի խաղաղություն, գերիներին՝ թողություն, կույրերին՝ կրկին տեսողություն, հավատացյալների համար հավիտենական փրկության պատճառը լինի, իսկ անհավատների համար՝ նրանց անհավատության հանդիմանությունը: Ավարտվեց մահվան իշխանությունը. «Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին» (Հայտն. 3,7) բացեց հավատացյալների համար նախահայրերի մեղքերով փակված դրախտի դռները և քավյալների ժողովի ուղեկցությամբ մտավ հենց Երկինք:

Խոր գիշերվա լռության մեջ, բնության ընդհանուր հանգստության մեջ, Քրիստոսի կնքված գերեզմանից «երկրից Ճշմարտությունը ճառագեց» (Սաղմ. 84,12): Չկային վկաներ այդ մեծագույն, աշխարհում չտեսնված հրաշքի: Նրանց կարիքը չկար էլ. Քրիստոսի Եկեղեցու հետագա ամբողջ պատմությունը Հարության ճշմարտության անվիճարկելի ու անլռելի վկան է: Հարուցյալ Տիրոջ գերեզմանի մոտ երկրավոր պահակությունն ավարտվել է՝ տեղը զիջելով երկնավորին՝ լուսաբեր հրեշտակներին: Քրիստոս հարյավ. և ամբողջ տիեզերքի համար սկսվեց ճշմարիտ գարուն, նոր կյանքի լուսավոր առավոտ:

Հիսուս Քրիստոսի Հարությունը կյանքի առաջին իրական հաղթանակն է մահվան հանդեպ: Մահվան հետ պայքարում էր բնությունը՝ հանգած կյանքերի տեղը նորերը կանչելով. պայքարում էին և մարդկային մտքի հերոսները՝ Արևելքի և Արևմուտքի մեծ իմաստունները, բայց չհաղթեցին. նրանց, ինչպես և բոլոր կենդանի էակների, բաժինը մահն էր, որից հետո նրանք հարություն չէին առնում: Անզոր էին նրա առաջ և բարոյական մեծ ուժի մարդիկ. հինկտակարանյան արդարները, չարագործների հետ հավասար, իջնում էին սանդարամետի մռայլ խորքերը:

Մահվան հանդեպ չէր կարող վերջնական հաղթանակ լինել, քանի դեռ ոչնչացած չէր նրա աղբյուրն աշխարհում՝ մեղքը: Եվ ահա «երբ ժամանակն իր լրումին հասավ» (Գաղ. 4,4), մեղքով և մահով պարտված աշխարհում նրա փրկության համար հայտնվեց Աստվածամարդ Հիսուս Քրիստոսը, Ով Իր կյանքում ամբողջությամբ իրականացրեց Աստծու կամքը: Նրա երկրավոր ամբողջ կյանքը հանձնառած ինքնախոնարհման ազատ ճգնություն էր՝ Երկնավոր Հոր կողմից Նրան հանձնարարած գործը կատարելու համար: Մեր փրկության ճգնադիրը «մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է» (Եբր.4,15), այդ իսկ պատճառով մահը, ինչպես և նրա իշխանը, ոչինչ չունեին Նրա մեջ իրենց համար. Նա հաղթեց նրանց: Նրանք անզոր էին Քրիստոսի բարոյապես ազատ անսահման հոգևոր զորության առջև: Մահն իշխանություն չուներ ոչ միայն Քրիստոսի հոգու, այլև՝ մարմնի վրա. «և ոչ էլ նրա մարմինը ապականություն տեսավ» (Գործք 2,31, Սաղմ. 15,10):

Հարությունը, Քրիստոսի՝ իբրև Աստվածամարդու հավիտենական կյանքը, պսակում է Նրա ճգնությունը՝ որպես աշխարհի Փրկչի: Այն առաքյալներին վախկոտ ձկնորսներից վերածնեց Բարի Լուրի անձնուրաց քարոզիչների: Խաչյալ և Հարուցյալ Քրիստոսի մասին վկայությամբ դուրս են գալիս նրանք քարոզելու՝ հալածանքներ ու զրկանքներ կրելով, և հավատի զորությամբ հաղթում են աշխարհին: Նրանք հասկացան, որ միայն հարուցյալ Քրիստոսի մեջ կարող են բավարարում գտնել մարդկային ոգու ամենախոր պահանջմունքները: Մարդիկ հյուծված են մեղքով և քաղցն ունեն արդարության, ծարավ են շնորհական ազատության, սարսափում են մահից. Քրիստոսը բացում է նրանց համար բաղձալի անմահության դռները: Մարդու համար արդեն սարսափելի չէ մահը, եթե նա հավատում է Քրիստոսին, յուրացնում է իր հավատով Նրա արդարությունը, Նրա հավիտենական կյանքը: Աստվածամարդու հարությամբ մեզ տրված է նաև մեր հարության անսուտ վկայությունը:

Ոչ միայն մարդիկ են ծարավ փրկության. չարից ազատվելու և անմահության ձգտումը դրված է մեզ շրջապատող բնության մեջ: Մարդու մեղսագործությամբ զարգացման աստվածահաստատ ուղուց շեղված ինքը տիեզերքը տառապում է և տանջվում՝ սպասելով այն մեծ օրվան, երբ կգա փառքի Արքայությունը, որի մեջ մտնելու հնարավորությունը Իր Հարությամբ Քրիստոսը բացեց ամբողջ աշխարհին:

Տոնի այժմյան օրն իրար ողջունելով «Քրիստոս Հարյա՜վ» ցնծալից ողջույնով ՝ մենք առավելագույն պարզությամբ զգում ենք զատկական լուսավոր բերկրանքը և մեր երկրավոր գոյության խորագույն իմաստավորվածությունը: Այս երկյուղած զգացմունքներն ամրապնդում են մեր մեջ հավատն ու հույսը, դրդում են մեր կյանքն անցկացնել ըստ Աստծու պատվիրանների, և բարի գործեր կատարել՝ մերձավորների, ժողովրդի ու Հայրենիքի բարիքի համար:

Նորից ու նորից շնորհավորում եմ ձեզ Սուրբ Զատկի տոնի առթիվ, մաղթում եմ բոլորին Աստծու առատ օգնությունը բարի գործերում ու ձեռնարկումներում, խաղաղություն, առողջություն և բարօրություն: Թող Հարուցյալ Տերն օրհնի մեզնից յուրաքանչյուրին, մեր տներն ու ընտանիքները, երկրները և ժողովուրդներին:

 

ՃՇՄԱՐՏԱՊԵՍ ՀԱՐՅԱ՜Վ ՔՐԻՍՏՈՍ:

 

 

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ սրբազան արքեպիսկոպոս,

Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ

 

 

Սուրբ Զատիկ

Վլադիկավկազ

2018 թ.