ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ՝ ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶԻ ԵՒ ԱԼԱՆԻԱՅԻ ՂԵՎՈՆԻԴԵՍ ՍՐԲԱԶԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

 

ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ

 

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ Սրբազան Արքեպիսկոպոսի,

Արտաքին եկեղեցական կապերի բաժնի փոխնախագահի,

 Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարչի

 

Վլադիկավկազի թեմի և Հայաստանի Հանրապետությունում Մոսկվայի Պատրիարքության համայնքների հոգևորականներին, վանականներին ու աշխարհականներին

 

 

Սիրեցյա՛լ հայրեր, եղբայրներ և քույրեր ի Տեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Քրիստոսի Սուրբ Ծննդյան մեծ տոնի առթիվ:

Քսան հարյուրամյակ առաջ Աստված առանձնահատուկ կերպով միջամտեց մարդկության պատմությանը և Ամենանբիծ Կույսից Իր ծնունդով փոխեց դրա ամբողջ ընթացքը:

Այդ պահից Նա կրկին և կրկին ծնվում է հազարավոր մարդկանց հոգիներում և փոխակերպում է նրանց կյանքը, դարձնելով անհավատներից հավատացյալ, կործանվողներից՝ փրկվող, մեղավորներից՝ սուրբ:

Փրկչի Ծնունդը՝ մեր փրկության համար մարդ դարձած Աստծո հետ հանդիպման հանդիսությունն է: Աստծո մարմնավորման մեծագույն հրաշքը նրանում է, որ կատարվելով մեկ անգամ պատմության մեջ, այն նորոգվում է առ Քրիստոս յուրաքանչյուր եկողի մեջ:

Բանն Աստուծո մարմնացավ երկրում գիշերվա խորը լռության մեջ, այդպես հայտնվում է այն մեր հոգու խորքում՝ ուր լռում է բանականությունը, հատնում են բառերը, իսկ միտքը ոիղղվում է առ Աստված:

Անհայտ և չճանաչված ծնվեց Մանուկ Հիսուսը աշխարհում, և միայն մոգերը և հովիվները ողջունեցին Նրան: Այդպես հանդարտ և աննկատ է բոլորի համար ծնվում Քրիստոսը մարդկային հոգում, որը գնում է Նրան ընդառաջ, քանի որ վառվում է հոգում դեպի լույսը տանող աստղը:

Սուրբծննդյան օրը դրվեց Երկնքի և երկրի հաշտության սկիզբը, քանի որ Ամենակարող Տերը, իր կողմից երբեմն արարված և մեղանչած մարդու նկատմամբ դրսևորելով Իր բարեգթությունը, իջավ աշխարհ և մարմնավորվեց այնտեղ:

Փրկիչը միավորեց իր մեջ Աստվածային և մարդկային բնությունները, ազատելով մեզ մեղքի իշխանությունից և վերականգնելով ժամանակին կորցրած արժանիքի մեջ: Քրիստոսի Սուրբ Ծնունդը ոչ միայն հինկտակարանյան մարգարեությունների կատարումն էր, այլև ամբողջ Տիեզերքի վերստեղծման և վերածնման օրը:

Աստծո Որդին խոնարհեց Իրեն մեր սահմանափակ բնության հետ միավորվելուց:

Մարմնավորումը, ըստ եկեղեցական շարականի, լինելով Ամենասուրբ Երրորդության Երկրորդ Անձի «ունայնացում», դարձավ Նրա համար մի տեսակ խաչ, հնարավոր է, ոչ պակաս ծանր, քան Գողգոթայի խաչը:

Քրիստոսի Սուրբ Ծնունդը՝ Տեր Հիսուսի երկրային կյանքով առաջին անգամ բացված փրկության ճանապարհի սկիզբն է:

Այս տոնի գլխավոր զգացմունքը Արարիչ-Աստծո և Իր բարձրագույն արարչության՝ մարդու, երկար բաժանումից հետո նոր հանդիպման ուրախությունն է: Սուրբծննդյան գիշերը այժմ յուրաքանչյուր այգից ավելի լուսավոր է փայլում, որովհետև ոչ թե սովորական երկնային լուսատու, այլ հենց Արդարության Արեգակն է ծագում երկրի վրա: Մանուկ Հիսուսի Սուրբ Ծննդյան ավետիսը յուրաքանչյուր հավատացյալի համար դառնում է հոգու խաղաղության, մշտանորոգ սիրո, հավիտենական կյանքի անսպառ աղբյուր:

Դարերի խորքից անմար լույսի ուրախությամբ է պայծառ լուսավորում մեր սրտերը բեթղեհեմյան առաջնորդող աստղը՝ փրկության այգաբացի աստղը, բոլոր Աստծուն փնտրողների համար: Կործանվում էին պետությունները, մոռացության փոշով էին պատվում արքաների և իշխանավորների անունները, փոխվում էին սերունդները, սակայն անփոփոխ ճառագայթում է աշխարհի համար Բեթղեհեմի այրում ծագած Արդարության Արեգակը:

Արդեն երկու հազարամյակ մարդիկ ապրում են ոչ թե անեծքի տակ թողնված, այլ քավված աշխարհում, և կոչված են Հիսուս Քրիստոսով դառնալ Աստծո որդիներ և ժառանգներ:

Եթե մենք պահենք հավատքը, հույսը և սերը, ապա Բարձրյալը չի թողնի մեզ «որբս» (Հովհ. 14,18) երկրային կյանքի փոթորիկների մեջ, ոչինչ և ոչ ոք չի բաժանի մեզ Տերունական սիրուց, չի զրկի հավիտենական երանությունից:

Ճգնելով, Աստծո պատվիրանների գործուն կատարման, սիրո, արդարության և խաղաղության գործերի իրականացման ճանապարհին, մենք կկարողանանք անվախ հաղթահարել մեր տագնապալի դարի վտանգներն ու փորձությունները:

Ներկա բարդ և փոփոխվող պայմաններում մեզ հավասարապես անհրաժեշտ են և բեթղեհեմյան հովիվների պարզ, ամուր հավատքը, և առաջնորդող աստղին հետևող մոգերի իմաստությունը: Քրիստոս ծնվում է մեզ համար և մեր մեջ, իսկ քրիստոնյայի սրբազան անունը պարտավորեցնում է մեզ լինել, առաջին հերթին, գթության, ամեն մարդու նկատմամբ եղբայրական և սրտաբուխ վերաբերմունքի ավետողներ:

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացին ասում է. «Մաքրենք մեր սրտերը, ողջախոհ դարձնենք խիղճը, զարդարենք մեր հոգին; և այդպես ամենայն պղծությունից մաքրված դիմավորենք Անարատ Տիրոջ գալուստը»: Կիսենք տոնական զգացմունքները մեր մերձավորների հետ, որպեսզի Բեթղեհեմյան լույսը վառվի ամեն ընտանիքում, ի Տեր եղբայրների և քույրերի միջև: Ձգտենք, որ մեր հանդիսության ճառագայթումը պայծառ լուսավորի և մեզ շրջապատող աշխարհը: Ճշմարտապես երկրպագենք Աստվածամանուկ Քրիստոսին, մխիթարելով տառապյալներին, օգնելով կարիքավորներին, լուսավորելով մոլորյալներին, քանի որ Ամենառատ Փրկչի շնորհները երբեք չեն նվազում, այլ շնորհական կերպով բազմապատկվում են: Թող սուրբծննդյան նվեր լինի միմյանց փոխադարձ սուրբ սերը, և թող մեր ձայները միախառնվեն այժմ աշխարհում Ճշմարիտ Աստծո ծնունդը ավետող տիեզերքի ցնծացող երգչախմբի  ձայներին. «Ուրախ լերուք երկինք և ցնծասցէ երկիր, գոչեսցեն լերինք զցնծութիւն, և բլուրք զարդարութիւն. զի ողորմեցաւ Աստուած ժողովրդեան իւրում, և զխոնարհս ժողովրդեան իւրոյ մխիթարեաց» (Եսայ. 49,13).

Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ այսօր շնորհավորում եմ Օսիա-Ալանիայում ու Հայաստանում ապրող Քրիստոսի Եկեղեցու բոլոր հավատավոր զավակներին,  աղոթաբար մաղթում եմ հոգևոր ուրախություն ի Փրկիչ՝ ծնված Ամենասրբուհի Կույսից, ուժերի ամրություն և Աստծու ամենազորացնող օգնությունը գործերում և նախաձեռնություններում, իսկ մեր երկրներին և ժողովուրդներին՝ խաղաղություն,  բարօրություն  և բարգավաճում:

 

 

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ արքեպիսկոպոս,

Արտաքին եկեղեցական կապերի բաժնի փոխնախագահ,

 Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ

 

 

 

Սուրբ Ծնունդ

Վլադիկավկազ

2021 թ.